դիտվել է148անգամ
Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Մադրիդի «Ռեալի» դիմակայության առաջին հանդիպումը, որն անցավ «-5» աստիճան ցրտի պայմաններում, չորոշեց հաղթողին:
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց մադրիդցիների լավագույն ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդուն: Հետագայում պորտուգալացին և թիմակիցները կարող էին կրկնապատկել հաշիվը և լուծել դիմակայության ելքը արդեն առջին իսկ խաղում, սակայն վստահ էր գործում բանակայինների դարպասապահ Չեպչուգովը:
Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում ԲԿՄԱ-ի նորեկ Պոնտուս Վերնբլումը մոտ տարածությունից կատարած հարվածով կարողացավ գրավել Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը և փրկեց իր թիմին պարտությունից:
Նշենք, որ սա «Ռեալի» առաջին ոչ-ոքին էր Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: Խմբային 6 խաղերում Ժոզե Մոուրինյոյի սաները միայն հաղթանակներ էին տարել:
Ավելացնենք, որ թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին:









