դիտվել է49անգամ

Դիտարժան պայքարում անցավ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Նապոլի» – «Չելսի» դիմակայության առաջին խաղում իտալական «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Չելսիին»: Հանդիպումն ավարտվեց նեապոլցիների հաղթանակով` 3:1 հաշվով:

Առաջին հաջողության հասան «ազնվականները»: Իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան օգտվեց իտալացիների ավագ Պաոլո Կաննավարոյի կոպիտ սխալից և մեն մենակ մնալով դարպասապահի դիմաց, բացեց խաղի հաշիվը:

Սակայն մինչ ընդմիջման գնալը «Նապոլիի» հարձակման առաջատարներ Էզեկիել Լավեսսին ու Էդիսոն Կավանին կարողացան երկու գոլային գրոհ կազմակերպել: Նախ Կավանին օգնեց հաջողության հասնել Լավեսսիին, ապա ուրուգվայցի հարձակվողն արդեն ինքը գրավեց Պետեր Չեխի դարպասը` Ինլերի փոխանցումից հետո: Երկրորդ խաղակեսում Կավանին Լավեսսին դուրս բերեց դատարկ դարպասի դիմաց, և վերջինս դրեց հանդիպման վերջակետը` 3:1:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին: